Դատապարտել Եւ Կանխել Շարունակուող Ցեղասպանութիւնը

0 0
Read Time:5 Minute, 30 Second

Առաջնորդող Յօդուած

 «Դրօշակ» – թիւ 4

Ապրիլ 2024

Հայաստանի անկախ պետականութեան վերականգնումը հնարաւորութիւն ընձեռեց  ցեղասպանութեան ճանաչման, վերջինիս հետեւանքների վերացման եւ, աւելի ընդգրկուն մասշտապով, հայ դատի խնդիրները հետապնդելու պետական  մակարդակով միջազգային հարթակներում: Անշուշտ, այս կենսական հարցերի նկատմամբ հասարակական պահանջը բացայայտ կամ ոչ հրապարակային կերպով գոյութիւն էր ունեցել անկախութեան հռչակմանը նախորդող տասնամեակների ընթացքում: Արցախը Ատրպէյճանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի հետ վերամիաւորելու 1988-ին սկսուած շարժման ճնշմամբ դեռեւս Խորհրդային Հայաստանի Գերագոյն  խորհուրդը այդ տաևուան Նոյեմբեր 22-ին օրէնք ընդունեց, որում մասնաւորապէս արձանագրուած է. «Դատապարտելով 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում հայերի ցեղասպանութիւնը` որպէս մարդկութեան դէմ ուղղուած ծանրագոյն յանցագործութիւն` Ապրիլ 24-ը յայտարարել հայերի ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր»:   Նոյն Գերագոյն խորհուրդը  Օգոստոս 23, 1990-ին ընդունած Հայաստանի անկախութեան մասին հռչակագրում  ամրագրեց. «Հյաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»: Հայաստանի ազգային ուժերը ժողովրդի, մշակութային ու մտաւորական  շրջանակների համախոհութեամբ առաջ քաշեցին Սփիւռքում տասնամեակներով շարունակուող ցեղասպանութեան միջազգային ճանաչման յամառ պայքարին պետականօրէն միանալու գաղափարը̀ անժամանցելի ոճրի ճանաչման եւ դատապարտման պահանջը դնելով նաեւ Թուրքիոյ առջեւ: Ցաւօք,  Հայաստանի առաջին իշխանութեան տեսակէտը հակոտնեայ էր այս դիրքորոշմանը, եւ նրա իշխանութեան գալուց յետոյ ականատես եղանք հարցի հետապնդման գործընթացը կասեցնելու, առհասարակ, այս թեմայի արծարծման դէմ հանդէս գալու երեւոյթին: Աւելին, նրա իշխանութեան գալով կազմակերպուեց նաեւ պատմական անցեալի վերաքննութիւնն ու դատապարտումը:  Իշխանութիւնների հովանաւորութեամբ  շրջանառութեան մէջ դրուեցին  ցեղասպանութեան համար հայ ազգային կուսակցութիւնների հասցէին հնչող մեղադրանքներ այն բանի համար, որ վերջիններս կազմակերպել էին ազատագրական պայքար կամ կամաւորական շարժում: Արցախեան դիմակայութեան ճակատագրական օրերին սկսուած այս  տեսական-քաղաքական գրոհը խորքում ուղղուած էր նաեւ Արցախեան շարժման գաղափարական հիմքերի խարխլմանը, ինչը աւելի պարզորոշ պէտք է դառնար քիչ աւելի ուշ, երբ հրապարակ էին նետուելու երկրի ղեկավարի քաղաքական հայեցակարգերը`  ամէն գնով խաղաղութեան հասնելու, խաղաղութեան այլընտրանքը անխուսափելի պատերազմը համարելու վերաբերեալ:

Ընթերցողին յիշեցնելով այս իրողութիւնների մասին` մեր նպատակն է զուգահեռ տանել նորանկախ Հայաստանի առաջին իշխանութեան,  նրանց մսուրում քաղաքականապէս ձեւաւորուած այսօրուայ ղեկավարի եւ նոյն մտածողութեամբ սնուցուած կառավարող թիմի միջեւ: Արցախը յանձնած, Հայաստանը քաղաքական պարտութեան ու տարածքային կորուստների տանող իշխանութիւնը Ապրիլ 24, 2024-ի նախօրեակին տարբեր յայտարարութիւններով կասկածի է ենթարկում Հայոց ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչուած փաստը: Այս պետականակործան գործընթացի առաջնորդը  ցեղասպանութեան իրաւաքաղաքական գնահատականի փոխարէն` գործածում է «Մեծ եղեռն» քաղաքական գնահատական եւ իրաւական հետեւանք չպարունակող եզրը:  Ըստ էութեան, Հայաստանի իշխանութիւնը որդեգրել է ցեղասպանութեան ժխտման թրքական դիրքորոշումը եւ անդրադառնալով կառավարման տարիների նրանց ողջ գործունէութեանը` ակնառու է դառնում, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, ո՛չ պատահականութիւն է եւ ո՛չ էլ քաղաքական գծի փոփոխութիւն, այլ նախապէս ծրագրուած կուրսի հետեւողական շարունակում:

Եւ սա այն պայմաններում, երբ Ատրպէյճանաթրքական տանդեմը (լծակից զոյգը, խմբ․) հէնց այս իշխանութեան օրօք իրականացրեց Արցախի ցեղասպանութիւնն ու օկուպացումը (գրաւումը, խմբ․)   ու նոյն այս օրերին բացայայտօրէն վերացնում է Արցախի պատմական ու մշակութային դէմքը: Մենք տեսնում ենք, որ ցեղասպանութեան  շարունակուող ոճրագործութեան մասին աշխարհով մէկ ձայն բարձրացնելու փոխարէն` այս իշխանութիւնը, ճնշում գործադրելով, պարտադրում է, որ Հայաստանում հաստատուած Արցախի իշխանութեան մարմինները բողոքի ձայն չբարձրացնեն տեղի ունեցողի եւ, առհասարակ, իրենց տարածքային, քաղաքական իրաւունքների վերաբերեալ: Յիշենք նաեւ, որ 2020 թուականին Թուրքիոյ օժանդակութեամբ իրականացուած ցեղասպանական պատերազմից ընդամէնը օրեր անց Հայաստանի իշխանաւորներն, իրարից առաջ ընկնելով, խօսում էին Թուրքիոյ հետ յարաբերութիւնները բարելաւելու եւ առեւտուր սկսելու մասին: Իսկ այս ծրագրերի գաղափարական հիմքը ի յայտ եկաւ դեռեւս 2019 թուականին, երբ օրակարգ իջեցուեց հայագիտական առարկաների կրճատման եւ կրթական չափորոշիչների փոփոխութեան նախաձեռնութիւնը: Ակնյայտ է, որ Արցախից մինչեւ Հայաստանի տարածքների յանձնում հայոց պատմագաղափարական հիմքերի խարխլումը հետապնդում է մի քանի հիմնական նպատակ: Նախ իրականացւում է Արեւմուտքի ծրագիրը տարածաշրջանում ռուսական լծակների վերացման եւ վերջինիս Անդրկովկասից դուրս մղման ուղղութեամբ: Հէնց այս նպատակը մատուցելով Արեւմուտքին որպէս գերխնդիր` Ատրպէյճանն ու Թուրքիան չէզոքացնում են հայութեան գործօնը տարածաշրջանում ̀ հարուածելով  նրա ինքնութեան եւ պետականութեան հիմքերին: Իր հետապնդած նոյն պատճառով  Արեւմուտքը ոչ միայն պահանջում ու պարտադրում էր հայկական երկու պետութիւնների պետական ներկայացուցիոներից դատարկելու Արցախը, այլեւ այսօր Ա․Մ․Ն․ պէտքարտուղարութեան, Եւրոմիութեան մակարդակով ողջունում է Հայաստանի տարածքների յանձնումը Ատրպէյճանին: «Խաղաղութեան խաչմէրուկ»-ի եւ հաշտութեան կեղծ կարգախօսների ներքոյ  խրախուսւում է նաեւ ցեղասպանութեան պահանջից հրաժարման եւ, այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքը փաստացի թուրք-Ատրպէյճանցիներին յանձնելու ծրագիրը: Ըստ էութեան, իրականացւում է այն ծրագիրը, որի մասին անցած դարի 90-ականներին յայտարարեց  Պոլ Գոբլը, եւ ամերիկեան ճնշմամբ  փորձ էր արւում գլուխ բերել հայ-թրքական հաշտութեան գործընթացի միջոցով: Վերջապէս դէպի ուր ուղղորդում էր Ա․Մ․Ն․ նախագահի անվտանգութեան գծով խորհրդական Ճոն Պոլթընի 2019 թուականին Հայաստան այցելութեան ժամանակ, սոյն թուականի Ապրիլ 5-ին պրիւքսէլեան հանդիպման ժամանակ կրկնեց Ա․Մ․Ն․ պէտքարտուղար Պլինքընը`  մասնաւորապէս ասելով, թէ պէտք է գնալ տարածաշրջանային ինտէգրման: Այլ խօսքով` Հայաստանը պէտք է ինտէգրուի Ատրպէյճանի եւ Թուրքիոյ հետ: Գուցէ ոմանց համար Հայաստանի վերջնական կապիտուլեացիան (անձնատուութիւնը, խմբ․) եւ դաւաճանների կողմից սիրայօժար յանձնումը ցեղասպան հարեւաններին հէնց ընկալւում է որպէս  «ինտէգրում» (ամբողջացում, խմբ․): Վերադառնալով ցեղասպանութեան հետապնդման հարցին` վերջին տարիների իրադարձութիւնների փաստական հիմքի վրայ կատարենք երկու արձանագրում: Տասնամեակներ շարունակ հայ ազգային ուժերը, յատկապէս Սփիւռքում, յայտարարում էին, որ ժամանակակից  Թուրքիան գաղափարական եւ քաղաքական ժառանգորդն է իր ցեղասպան նախնիների: Որպէսզի Թուրքիան հրաժարուի Հայաստանի նկատմամբ իր զաւթողական ծրագրերից եւ հայ ժողովրդի հանդէպ որդեգրած ցեղասպանական քաղաքականութիւնից, անհրաժեշտ է, որ այս երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը եւ դատապարտի այն: Այս ամէնը կարող է ճանապարհ հարթել ցեղասպանական ռազմավարութիւնից հրաժարուելու արմատական  գաղափարական վերափոխման համար, ինչը տեղի ունեցաւ հետֆաշիստական Գերմանիայում: Դժբախտաբար, դաւաճաններն ու տգէտները այս պահանջը ներկայացրին որպէս հայ ազգայնական ուժերի զգացմունքային, կարծրացած եւ ինքնանպատակ մօտեցում: Ատրպէյճանն ու Թուրքիան 2020-ին պատերազմում եւ դրան հետեւած ժամանակահատուածում իրենց ծրագրերով եւ դրանց գործադրման եղանակներով փաստել ու փաստում են, որ մնում են ցեղասպան նախորդների հարազատ ժառանգները: Նիկոլ Փաշինեանը իր քաղաքական դաստիարակների պէս մտածում է, թէ ատրպէյճանաթրքական տանդեմի (լծակից զոյգի, խմբ․) բոլոր պահանջները կատարելու դէպքում Արեւմուտքի հովանաւորութեամբ ինքը հնարաւորութիւն կ’ունենայ հանգիստ վեր ընկնելու իր աթոռին եւ վայելելու երկարատեւ խաղաղութիւնը: Բայց նա նոյն թիւրիմացութեան մէջ է, ինչի կամաւոր պատանդներն էին իր գաղափարական հայրերը, ինչպէս եւ անցած դարասկզբի  մոլորեալները, որոնք աչք փակելով ակնառու փաստերի վրայ` կարծում էին, թէ հայ ժողովրդի ըմբոստացումն է բարկացնում թուրքերին եւ մղում նրանց ջարդերի: Այնինչ, հալածանքը, տեղահանութիւնը եւ դրանց յաջորդած ջարդերն ու ցեղասպանութիւնը սկսուել էին շատ աւելի վաղ եւ պայմանաւորուած չէին հայութեան գործողութիւններով, այլ հետեւանք էին երկրի թրքացման գործընթացը այլազգիների բնաջնջմամբ իրականացնելու` դեռեւս 19-րդ դարում որդեգրուած քաղաքականութեամբ: Պատմական փաստերը ապացուցում են, որ երիտթուրքերին փոխարինած եւ ձեւականօրէն նրանց դատապարտած Մուսթաֆա Քեմալը 1920 թուականին ձգտում էր իրականացնել  նաեւ արեւելահայութեան ոչնչացումը, եւ միայն աշխարհաքաղաքական իրողութիւնների փոփոխութիւնը անհնարին դարձրեց այդ ծրագրի իրականացումը: Ռազմավարական տարածքների յանձնմամբ, թրքական սահմանի պահպանութեան գօտուց ռուսական զօրքի դուրսբերմամբ Նիկոլ Փաշինեանը կը ստեղծի «ամենաբարենպաստ» պայմանները թրքական  դարաւոր երազանքի իրականացման համար: Սեփական ժողովրդի եւ պատմութեան անառակ զաւակները պէտք է յիշեն, որ մէկ դար առաջ հայութիւնը փրկուեց այնտեղ, որտեղ հնարաւոր եղաւ պաշտպանութիւն կազմակերպել: Յիշեն, որ իրենց յանցագործ իշխանութեանը նախորդող մօտ 25 տարի ձգուած գլխաւորաբար խաղաղ ժամանակահատուածը հնարաւոր է եղել ապահովել ուժի ցուցադրմամբ, եւ իրենց կապիտուլեանտական իշխանութիւնից առաջ մենք չենք պարտուել նախորդող ոչ մի պատերազմում:

Այսպիսով ̀ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ կորուստների հատուցման խնդիրը հայ ժողովրդի խաղաղ եւ կայուն ապագայի ապահովման հիմնական երաշխիքն է: Ցեղասպանութեան ոճրագործութեան համար համազգային պայքարը պէտք է ներառի նաեւ Արցախի ու արցախահայութեան իրաւունքների համար պայքարը: Օտարի կամակատար իշխանութեան գոյութիւնը ներկայ օրերում ստեղծել  ու ստեղծում է հայ ժողովրդի արիւնոտ ու անարիւն ցեղասպանութեան համար ամենանպաստաւոր պայմաններ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles